Բնագիտություն

Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝  ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների,  բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը:Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից:  Պինդ վառելանյութերի  այրման հետևանքով մեծ քանակությամբ  մոխիր  և  այլ թափոններ  են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ:
Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը:
Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.
1.  Խուճապի չմատնվե՛ս:
2.  Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:
3.  Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:
4.  Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:  
5.  Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:
6. Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:
7. Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը

Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր: 
Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային:
Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն:

Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:
Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:
Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ: 
Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:
1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:
2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):  
3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա:
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ: